For lawyers

«RONALD McDONALD» հայտնի գործը

Դատարանը իր նախադեպում դրեց հետևյալ հարցադրումը` ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա է արդյոք վարչական դատարանին, թե՞ ընդհանուր
իրավասության դատարանին: ⁉️

Վճռաբեկ դատարանը սույն գործով նշել է` իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից և ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու համար հարկավոր է միաժամանակ 3 նախապայման. ‼️

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:

Դատարանը նշել է, որ ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված իրավական վեճը ծագում է մի կողմից` ապրանքային նշանի իրավատիրոջ (կամ դրա օգտագործման իրավունք ունեցող անձի), իսկ մյուս կողմից` ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած շահագրգիռ անձի միջև:‼️

Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի հիման վրա հարուցված գործերը չեն բխում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա չեն վարչական դատարանին: Այլ կերպ ասած` ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ դատական գործերը բխում են մասնավոր` քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *