Եկեք հիշենք «Մենք ենք մեր սարերը» հանրահայտ ֆիլմի սյուժեն, երբ չորս հովիվներ իրենց հոտին միացած համագյուղացի Ռևազի ոչխարը մորթում են եւ ընկերովի ուտում, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում:
Ֆիլմը դիտելիս երևի մտածել եք` մի ոչխարի համար արժե՞ր այսքան աղմուկ բարձրացնել:
Ուսումնասիրելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, մասնավորապես` 183-րդ հոդվածը, պարզվում է, որ արժեր:
Այն անդրադառնում է առանց հսկողության թողնված կենդանիներին, ավելի ճիշտ, այդ կենդանիներին գտնողներին:
«Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած և (կամ) պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը»:
եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, կենդանիներին գտնող անձը հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում պարտավոր է հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար:
Կենդանիների սեփականատիրոջը որոնելու ընթացքում դրանք պահող անձը կենդանիներին կարող է թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը և օգտագործմանը:
Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձի խնդրանքով` ոստիկանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը գտնում է դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ունեցող անձ և նրան է հանձնում կենդանիները:
Կենդանիներ պահող անձը և այն անձը, ում դրանք տրվել են պահելու ու օգտագործելու համար դրանց արժեքի սահմաններում պատասխանատու են կենդանիների կորստի ու վնասվածքի համար, սակայն միայն մեղքի առկայության դեպքում:
Առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը:
Իսկ այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի համար իրավազոր անձը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգևի պայմաններով:
Կենդանին գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած կենդանին, սակայն պետք է նշենք, որ վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն:
Եթե հայտարարության oրվանից վեց ամuվա ընթացքում դրանց uեփականատերը չի հայտնաբերվում, ապա դրանց նկատմամբ uեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել եւ oգտագործել է կենդանիներին :