Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Կարելի է՞ արդյոք գաղտնի ձայնագրել խոսակցություն

Կարելի է՞ արդյոք գաղտնի ձայնագրել խոսակցություն: Կարծում եմ շատերս ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ տարբեր պատճառներից ելնելով ցանկություն է առաջացել ձայնագրել տեղի ունեցող խոսակցությունը: Սակայն քչերս ենք տեղյակ, որ խոսակցություն ձայնագրելը հետագայում կարող է հանգեցնել օրենքի խախտման և դրանից բխող պատասխանատվության: Իսկ ինչպե՞ս է վերջիվերջո այս հարցը կարգավորվում:

ՀՀ ներպետական օրենսդրությունը չի նախատեսում խոսակցություն ձայնագրելու ընդհանրական արգելք, սակայն ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է մի քանի հոդված, որոնք անուղղակիորեն սահմանում են այդ գործողության անօրինական լինելը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Ավելին, վերոնշյալ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Իսկ Սահմանադրության 33-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով և միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

Թեև օրենքում գաղտնի ձայնագրում չիրականացնելու ընդհանուր արգելքը բացակայում է, վերոնշյալից բխում է, որ այդ գործողության կատարումը կդիտարկվի անօրինական, եթե դրա արդյունքում խախտվեն անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք գաղտնի եղանակով կատարված ձայնագրությունը կարող է դատավարության ընթացքում որպես ապացույց օգտագործվել, հարկ ենք համարում անցում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում առկա կարգավորումներին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 241-րդ հոդվածի համաձայն` եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում: Այդ մասին քննիչը կայացնում է դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում: Խոսակցությունների լսման և ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում, որոշումը քննիչի կողմից կատարման է ուղարկվում համապատասխան հիմնարկ: Կարևոր է նաև նշել, որ քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետի մասնակցությամբ:

Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, իր հերթին, 83րդ հոդվածում տալիս է հետևյալ կարգավորումը. «Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից»: Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։

Հարկ է նշել որ դատավարական օրենսդրությունում գաղտնի եղանակով կատարված ձայնագրությունների թուլատրելիության մասնավոր արգելք սահմանված է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, որի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է տվյալ լուսանկարումը, ձայնագրումը կամ տեսագրումը առանց անձի համաձայնության»։

Իսկ Դուք երբևէ առնչվե՞լ եք տվյալ հարցում օրենքի խախտման դեպքերի: Կիսվեք Ձեր փորձով մեզ հետ և տեղադրեք այս նյութը ձեր story-ում որպեսզի ձեր ընկերները ևս լինեն իրազեկված:

Related Posts

AllEscort